Բացօթյա ընթերցանություն

Բացօթյա ընթերցանություն

Մայիսի 16

Մեր դպրոցի կանաչ լանջերը մեզ բակ են կանչում: Այսօր կազմակերպեցինք հերթական բացօթյա ընթերցանությունը: Ընթերցեցինք Ջ. Ռոդարիի «Թափթփված տղայի զբոսանքը» հեքիաթը: Հեքիաթի ընթերցանությունից հետո նկարագրեցինք, բնութագրեցինք Ջիովանիին, հարցերի միջոցով վերլուծեցինք հեքիաթը:

Ի՞նչ է նշանակում թափթփված լինել:

Ի՞նչ գույն ունի թափթփվածությունը:

Paint նկարչական ծրագրով եւ գուաշներով նկարեցինք թափթփված Ջիովանիին:

Ռոդարի. Թափթփված տղայի զբոսանքը

Ռոդարի. Թափթփված տղայի զբոսանքը

— Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:
_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ  ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ  մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր,  չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ  ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դու ամենալավն ես:

Մենք ու մեր հինգ տարեկան մատիկները

Մենք ու մեր հինգ տարեկան մատիկները

Մայիսի 16

IMG_0510

 

Հյուսիսային դպրոցի կանաչ ծառերը, երկնքից ժպտացող արեւը մեզ բակ են կանչում…           Օրը` երեքշաբթի, հերթական հանդիպումը փոքրիկ, բայց շատ խելացի հինգ տարեկանների հետ:

Հասնում եմ խմբասենյակների մոտ եւ տեսնում եմ սպասող հայացքներ: Ուրախ են ու մեր պայմանավորվածության համաձայն` ժպտում են:  Այսօրվա հանդիպման համար նախատեսել էի ընթերցել Ղ. Աղայանի  «Բութմատն ասաց»  մանկական բանաստեղծությունը: Ընթերցեցինք, վերհիշեցինք մեր մատիկների անունները` բութմատ, ցուցամատ, միջնամատ, մատնեմատ, ճկույթ: Հետո  որոշեցինք, թե որ մատիկն ընտանիքի որ անդամն է:

Կարծիքները տարբեր էին, Ալեքսն ասաց.                                                                                              — Բութմատը հայրիկն է, որովհետև չաղլիկ է և ուժեղ: Ցուցամատը ես եմ, քանի որ հայրիկիս օգնականն եմ, միջնամատը մայրիկն է, ճկույթը՝  եղբայրը կամ քույրը, քանի որ ճկույթը ամենափոքրիկն է: Այսպես յուրաքանչյուրը մտածում էր, թե հայրիկի, մայրիկի կամ ընտանիքի մյուս անդամների համար որ մատն ընտրի:                                                                                  Վերհիշեցինք, թե քանի ձեռք ունենք, քանի մատիկներ ունենք:

Ի դեպ շատ խելացի են, կարողանում են շուտ  կողմնորոշվել, հետաքրքրասեր են, դե իսկ հարցերն էլ անվերջանալի են:                                                                                                      Գուաշներով նկարեցինք սովորողների մատիկները :  Սովորողներն իրենք ընտրեցին իրենց մատիկների գույները, իսկ հետո մեկնաբանեցին, թե ինչու են ընտրել հենց այդ գույնը:

Մի փոքրիկ տեսանյութ մեր օրվանից