ՑՈՒՑԱՓԵՂԿԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՑՈՒՑԱՓԵՂԿԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Դիզայնն» անգլերեն է. նշանակում է նախագծել, մտահղանալ: Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին: Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ: Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով:

Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները: Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են  դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը: Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով:

Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի  ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները: Ամերիկացի գեղագետ Թոմաս Մոնրոն, օրինակ, մեր օրերում դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառում նաև պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձևությունը և այլն: Դրանց գումարվում է նաև առարկաների կիրառական նպատակահարմարության խնդիրը, որի անհրաժեշտությունը նկատել էին դեռևս Սոկրատեսը (մ. թ. ա. VI–V դարեր) և արաբ փիլիսոփա, բժիշկ Մուհամեդ Ֆարաբին (870–950 թթ.):

Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները: Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ:

Բարձրաճաշակ առարկաների արտադրությունը պետք է փոխշահավետ լինի և՜ արտադրողի, և՜ սպառողի համար: Միայն նախագծման, արտադրության և սոցիալական միջավայրի, սպառողի պահանջարկի, առարկայի օգտակարության և գեղեցկության հատկանիշների համակողմանի համադրմամբ արտադրանքը կարող է դառնալ առավել օգտակար և հարմարավետ:

Դիզայնի տեսական խնդիրների մշակմամբ զբաղվող կենտրոններ են ստեղծվել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում, Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցը Գերմանիայում, Արվեստների թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայում և այլն:

Մեծ է դիզայնի զարգացման հեռանկարը նաև Հայաստանում, որտեղ նույնպես վերջին տարիներին բացվել են դիզայնի կենտրոններ: Դիզայնի բաժիններ են ստեղծվել Երևանի թատերարվեստի և կինոյի ինստիտուտում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում և այլուր, գործում են նաև դիզայնի մասնագիտական քոլեջներ:

Ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել որևէ խոշոր մեգապոլիս կամ ոչ մեծ քաղաքի կենտրոն առանց գույնզգույն ցուցափեղկերի,որոնք բոլոր կողմերից կոչ են անում ձեռք բերել այս կամ այն իրը:

Վիտրինա բառը ծագում է ֆրանսերեն vitre՝ ապակի բառից: Սա պատահական չէ, քանի որ հենց ապակու արտադրության ընդլայնումն է, որ XVII դարի վերջին Արևմտյան Եվրոպայում հանգեցրեց վիտրինաների առաջացմանը: Հնում ցուցափեղկի գործառույթը կատարում էր փողոցում հատուկ տեղադրված վաճառասեղանի վրա ապրանքի անմիջական տեղակայումը:

Միջին դարերում առևտրի առարկաներն ու վարպետի աշխատանքները ցուցադրվում էին նրա տան պատուհանին, որտեղ գտնվում էին վաճառասեղաններ և արհեստանոցներ: Առաջին ցուցափեղկերն ի հայտ են եկել Անգլիայում XVII դարի կեսերին և աստիճանաբար տարածվել ողջ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում: Ցուցափեղկերի հարդարումով (դեկորացիա) սկզբում զբաղվում էին նկարիչները, թատերական դեկորատորները և գովազդային գործակալները: XIX դարի կեսին առաջացավ ցուցափեղկեր ձևավորողի հատուկ մասնագիտություն:

XIX դարի երկրորդ կեսից երեկոյան ժամերին ցուցափեղկերը սկսեցին լուսավորել գազային եղջյուրիկների և կերոսինային լամպերի միջոցով, իսկ հետո նաև՝ էլեկտրականությամբ: XX դարի սկզբին որոշ առևտրականներ մանեկենների փոխարեն փորձում էին օգտագործել կենդանի բնությունը՝ ներկայացնելով կենդանիներին ու թռչուններին վանդակներում, ձկներին՝ ակվարիումներում, ինչպես նաև ներգրավում էին նկարիչների, բեմանկարիչների, այդ իսկ պատճառով և շատ դեպքերում ցուցափեղկերի ձևավորումը թատրոնի բեմ էր հիշեցնում:

Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, ցուցափեղկերի ձևավորման գործում իրենց մեծ ավանդն ունեցան արվեստի շատ տաղանդավոր գործիչներ՝ Էրտեն Ռոման Տիրտովը, (1892-1990)՝ ռուս տաղանդավոր նկարիչ և հագուստի մոդելավորող Սալվադոր Դալին (1904-1989): Ցուցափեղկերի ձևավորման Դալիի փորձն ամենահաջողը չէր: Նա ձևավորեց Նյու Յորքի հինգերորդ ավենյուի հանրախանութներից երկուսի ցուցափեղկերը: Ձևավորման ժանրում Դալին հավատարիմ մնաց իր ոճին. «Գիշեր» ցուցափեղկում անկողնու հովանու վերևում կախված էր ատամներով արյունոտ աղավնի պահող ցլի գլուխ, իսկ «Ցերեկ» ցուցափեղկում ներկայացրել էր արտասվալից աչքերով մի աղջկա, ով մորթե լոգարանի միջից սուզվում էր այնտեղից դուրս ցցված ձեռքերի միջով: Այլ տարբերակ են «Ակտրիս»-ները, որոնք ֆրանսիական հին մոմե մանեկեններ էին (համաձայն երիտասարդ մադամ Տյուսոյի լեգենդի):

Դալին նման օրինակներ գտել է խանութներից մեկի նկուղում և օգտագործել իր ձևավորումներում (ինչպես հայտնի է, նա պլաստմասայե անկենդան կերպարները չէր ընդունում): Ցուցափեղկերը մեծ ուշադրություն էին գրավում. փոքր երեխաները վախենում էին, բալզակյան տարիքի կանայք՝ ուշաթափվում: Մի քանի օր հետո, երբ Դալին մտավ տեսնելու իր ստեղծագործությունը, բացահայտեց, որ ամենասարսափազդու դետալները հեռացրել են, իսկ մոմե արտահայտիչ տիկնիկներին փոխարինել են պլաստիկե տիկնիկները: Դալին զայրացավ, կոտրեց պատուհանը, լոգարանը դուրս բերեց միջանցիկ հատված ու պատռեց իրեն համար այնքան ատելի պլաստմասսայե տիկնիկին. զարմացած անցորդները հետաքրքրությամբ հետևում էին նրա զայրույթին:

Այս դեպքից հետո հանրախանութի տնօրինությունն այլևս չցանկացավ գործ ունենալ Դալիի և, ընդհանրապես, հեղինակային ցուցափեղկերի հետ, բայց Նյու Յորքի բնակիչները դեռ շատ էին քննարկելու և հիշելու հինգերորդ ավենյուում Դալիի բողոքի ակցիան:

Ցուցափեղկերի ձևավորման ժամանակ կիրառվող մեթոդներն ու ձևերը բազմաթիվ են ու բազմազան: Սա փնտրտուքի, փորձարկումների, հայտնագործությունների անվերջ աշխարհ է:Եթե խոսենք փողոցային ցուցափեղկերի ստեղծման ու ձևավորման մասին, ապա հարկավոր է դիտարկել մի քանի դասակարգում, որոնք ընդհանուր առմամբ ձևավորվում են պատրաստի առարկաներով և անցել են հետևյալ կատարելագործման ճանապարհը:

Ցուցափեղկերի դասակարգումն ըստ ճակատամասի տեղակայման

ա. Միասնական ցուցափեղկ. նման ցուցափեղկի առկայությունը մեծ հաջողություն է համարվում խանութի համար: Ապակեպատ մեծ տարածքը և գործողությունների ազատությունն ավելի մեծ հնարավորություններ են տալիս և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը: Բացի այդ, ձգվող ցուցափեղկը թույլ է տալիս ավելի հարմարավետ լուսավորել խանութի ամբողջ ճակատային մասը:

բ. Բազմակի ցուցափեղկերից կազմված. մոդուլային ցանցը թույլ է տալիս ստեղծել գեղարվեստական լուծումների շարք՝ դիտողին հնարավորություն տալով տեսնելու ցուցափեղկը ցուցափեղկի հետևից: Հնարավոր է «ֆիլմային կադրերի» էֆեկտի ստեղծումը՝ հաջորդականորեն զարգացնելով ցուցափեղկերի ձևավորման սյուժեն:

գ. Ցուցափեղկը երկրորդ հարկում. գովազդային նպատակներով խանութի երկրորդ հարկում կարելի է ստեղծել գեղեցիկ և յուրօրինակ ցուցափեղկ:

Ցուցադրությունը կազմվում է առավել խոշոր և արդյունավետ տարրերից՝ նպատակ ունենալով ուշադրություն գրավել բավականին մեծ հեռավորությունից: Ինչպես օրինակ՝ Երևանում «New Yorker» հագուստի խանութի ցուցափեղկերն են:

դ. Բազմահարկ ցուցափեղկ. ձևավորման գործում թույլ է տալիս կիրառել բազմաթիվ ոչ ստանդարտ լուծումներ՝ պոտենցիալ գնորդների համար բացահայտել խանութի հարմարավետ պլանավորումը, տեկտոնիկան, կոմունիկացիոն և ինտերիերային գրավչությունը: Նման ցուցափեղկը ճակատային մասում ստեղծում է դոմինանտներ՝ խանութներին տալով գայթակղիչ տեսք՝ հաճախորդին գրավելու նպատակով:

ե. Անկյունային ցուցափեղկ. սա շատ արդյունավետ գործիք է անցորդների վրա ներգործելու առումով: «Խանութների և առևտրային կենտրոնների նախագծում» գրքի հեղինակներից մեկը՝ Արմեն Կանայանը, կարծում է, որ նման ցուցափեղկի գործածությունը պայմանավորված է անկյունային ձևի տեսողական ակտիվությամբ, որը որսում է անցորդների հոսքը:

 

Ցուցափեղկերի դիզայնի զարգացումը և ժամանակակից տիպաբանությունը բավական տարածք է՝ ծավալային կոմպոզիցիաներ ստեղծելու համար: Նրա կարծիքով ցուցափեղկի կոմպոզիցիոն լուծումները պետք է հաշվարկված լինեն արագ տեսողական ընկալման համար: Որպես լավագույն նմուշ կարելի է բերել «Starbucks» սրճարանների ցանցերում ընդգրկված օրինակները հարմարավետ ու գրավիչ անկյունային սեղանիկներով: Անկյունային ցուցափեղկը թույլ է տալիս նաև ուղղել ճարտարապետական և նախագծային մի շարք թերություններ (ինտերիերի սուր անկյունները, ճակատային մասի ցածր ձգվածությունը և այլն):

Ցուցափեղկերի դասակարգումը՝ ըստ նրանց ցուցադրության ապակեպատ բացվածության աստիճանի

ա. Ցուցափեղկերը բաց են կոչվում այն դեպքում, եթե դրսից դրանց միջով տեսանելի է ողջ առևտրային շինությունը: Բաց ցուցափեղկերն օգտագործվում են այն դեպքում, երբ խանութի ինտերիերը գրավիչ է: Առևտրային շինության դիզայնը թելադրում է ցուցափեղկի դիզայնը: Բաց ցուցափեղկի նախագծման դեպքում ուշադրություն են դարձնում դրսից տեսանելի առևտրային սարքավորումների տեղակայմանը:

 

 

բ. Փակ ցուցափեղկեր: Ցուցափեղկի տարածքը առևտրային սրահի կահավորանքից սահմանազատվում է հատուկ միջնապատով: Այդպիսի ցուցափեղկերը կիրառվում են, օրինակ, այն դեպքերում, երբ առևտրային սարքավորման տեղակայման նախագիծը թույլ չի տալիս փողոցի կողմից գեղեցիկ տեսք ստեղծել:Ցուցափեղկի հետևի պատը ձևավորվում է գովազդային պաստառներով կամ վահանակներով, ներկվում կամ պաստառապատվում է դիզայների որոշմամբ: Ցուցափեղկի տարածությունը ձևավորվում է խանութի ֆիրմային ոճով: Փակ ցուցափեղկերը կարող են զգալիորեն տարբերվել իրենց խորությամբ՝ գրեթե հարթ ապակիներից մինչև զգալի խորությամբ ցուցափեղկեր,որոնք թույլ են տալիս ներսում ստեղծել բարդ ու բազմապլան տարածություն:

գ. Բաց-փակ ցուցափեղկեր, որոնց միջով առևտրային սրահի տարածությունը մասամբ է երևում սահմանազատված գեղարվեստական կոմպոզիցիայով ցուցափեղկում կամ էլ հատուկ մշակված պատերով կամ միջնորմներով:

Ցուցափեղկերի լուսավորումը

Ցուցափեղկերի լուսավորումն անհրաժեշտ է օրվա մութ ժամերին, ինչպես նաև հատուկ էֆեկտների ստեղծման, էքսպոզիցիայի դինամիկության համար: Ընդունված են լուսավորման երեք հիմնական տիպեր:

ա. Հավասարաչափ, ցրված լույս: Ճիշտ կազմակերպելու դեպքում հավասարաչափ լուսավորվում է ամբողջ սրահը, և բացառվում է տգեղ ստվերների առաջացումը, որոնք խեղաթյուրում են ողջ ցուցադրությունը և էքսպոզիցիան: Օգտագործվում են լյումինեսցենտային լամպեր լուսահաղորդման բարձր ինդեքսով կամ էլ դասական շիկացման լամպեր:

բ. Ուղղորդված լույս՝ լուսային ճառագայթի և լուսաբծի աշխատանք:Լույսի ակտիվ աշխատանքը և նրա բոլոր հիմնական հնարքներն ու օրինաչափությունները վերցված են բեմաձևավորումից: Լույսով շեշտադրվում են ամենանշանակալի կոմպոզիցիոն տարրերը, ստեղծվում են տարատեսակ էֆեկտներ՝ պատկերի ցայտունությունը կամ մշուշայնությունը: Այստեղ շատ շահավետ է հալոգենային և մետաղահալոգենային լուսատուների օգտագործումը, որոնք ստեղծում են կետային լուսավորություն:

գ. Գեղարվեստական լուսավորումը նեոնային և լուսադիոդային լուսատուներով: Այստեղ կիրառվում է տարբեր տիպի լուսավորությունների համադրություն, որը ստեղծում է վառ ու դինամիկ կոմպոզիցիաներ: Ինչպես նաևշատ դեպքերում կիրառում են գույնզգույն լուսավորություն:

Ամենավերջին ու ամենահետաքրքիր դասակարգումը:

Ցուցափեղկերի դասակարգումն ըստ կոմպոզիցիոն և գեղարվեստական լուծումների

ա. Ապրանքային ցուցափեղկեր: Ցուցափեղկի ձևավորման հիմնական տարրը խանութի ապրանքատեսականու դասավորությունն է, որի մաս են կազմում գեղարվեստորեն ձևավորված մանեկենները, տակդիրները, պոդիումները, գեղեցիկ ֆիրմային գնապիտակները:

բ. Սյուժետային ցուցափեղկերը: Կոնցեպտուալ դիզայներական աշխատանքը, որը գրավում է անցորդների ուշադրությունը, ասոցացվում է խանութի մասնագիտացված ուղղվածության հետ: Նման մոտեցման դեպքում դիզայներները, ստեղծելով բարդ նատյուրմորտներ կամ ամբողջական տեսարաններ, ցուցափեղկում ցույց են տալիս ոչ այնքան բուն ապրանքները, որքան դրանց օգտագործման օրինակները և կերպարները:

գ. Ապրանքասյուժետային ցուցափեղկեր: Խանութի ապրանքատեսականու մի մասը ցուցադրվում է գեղարվեստական պատկերների տեսքով: Ստեղծվում են ինքնատիպ նատյուրմորտներ, տեղադրվում են տիկնիկներ, զարդարվում են ծաղիկներով, ծավալուն գովազդային նյութերով:

դ. Ակցիոն: Ցուցափեղկեր, որոնք հաղորդում են զեղչերի մասին: Ակցիաների մասին հայտնող գրավիչ ցուցափեղկի նախագծում:

 Ցուցափեղկերի դիզայնի զարգացումը և ժամանակակից տիպաբանությունը դրանք է ցուցափեղկերի սյուժետային և ապրանքասյուժետային ձևավորման դեպքում: Ամենապարզ ու հասարակ ձևավորման ժամանակ ցուցափեղկի ապակուն գրվում է «-30%» նշագրով կամ էլ գունավոր ինքնասոսնձվող ժապավեններով, մնացած դեպքերում դիզայները ստեղծագործաբար է նկարագրում թեման՝ ստեղծելով բարդ ու հետաքրքիր մոտիվներ:Տվյալ դասակարգումը նույնպես կարող է ունենալ տարատեսակ ճյուղավորումներ՝ դինամիկ, ստատիկ և ինտերակտիվ (էկրանային,մուլտիմեդիային տեխնոլոգիաներ):

Ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են ապրանքասյուժետային ցուցափեղկերը: Աշխատելով այդ ուղղությամբ՝ ցուցափեղկեր ձևավորողները հասել են ամենաբարձր արդյունքների, ինչպես օրինակ՝ Փարիզի ու Նյու Յորքի սուրբծննդյան ցուցափեղկերը:

Այսօր Երևանում նկատելի է, որ ցուցափեղկերի գերազանց կատարված ձևավորումների կողքին կան բազում թերի ցուցափեղկեր ևս, սակայն նկատվում է, որ Երևանում խոշոր սուպերմարկետները, մոլերը կամ հանրախանութները չեն օգտագործում իրենց շենքի ցուցափեղկերը՝ դրանց վրա փակցնելով այս կամ այն ընկերության գովազդային վահանակները և պաստառները, մյուս կողմից, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ դա արվում է անվտանգության նկատառումներով, այնուամենայնիվ, այդ հսկայական ֆասադային տարածքներում հնարավոր է ստեղծել այնպիսի ցուցափեղկ, որն ընդհանուր անսամբլ կկազմեր տվյալ շինության կամ հարակից շինությունների հետ և մյուս կողմից էլ յուրօրինակ տեսք կհաղորդեր Երևանի շենքերի համայնապատկերին: Այդպիսի մոտեցում մենք կարող ենք տեսնել արտասահմանյան բազում քաղաքներում:

Մեր կարծիքով, ինչպես ներկայացվեց, ցուցափեղկերը ժամանակակից դիզայներական պրակտիկայում մեծ ներկապնակ ունեն, որից օգտվելը և օգտագործելը դիզայնի բնագավառում ցանկալի են:

Աղբյուրը՝  http://kantegh.asj-oa.am/1903/1/356.pdfՆարեկ Գասպարյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s