Ջաննի Ռոդարի. Շոկոլադե ճանապարհը

Ջաննի Ռոդարի. Շոկոլադե ճանապարհը

Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը: Read more

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

Ռոդարի. Թափթփված տղայի զբոսանքը

Ռոդարի. Թափթփված տղայի զբոսանքը

— Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:
_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ  ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ  մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր,  չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ  ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դու ամենալավն ես:

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Картинки по запросу Մանուշակ

Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը,դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թեմի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով:Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:
_Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում  մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
_Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
_Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները,Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե,ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան:Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
_Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
_Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում:
Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
_Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
_Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
_Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
_Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում:
Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով,կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն ,և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

Հինգի արկածները

_ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,-գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:
_ Ի՞նչ է պատահել:
_ Չեք տեսնո՞ւմ՝ հանումն ընկել է ետևիցս: Որ հասավ՝ կորած եմ:
_ Դու էլ բան ասացիր՝ կորա՜ծ եմ:
Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ, որ տեսնի՝ կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:
_ Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:
_Վա՜յ, գլուխներդ ազատեք:
Այս ի՞նչ ձայն է: Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գի­շեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց տես, է՛, Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝ Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց, դուրս թռավ ու իրեն տրամվայի մեջ գցեց:
_ Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,-լաց էր լինում Երկուսը,-իսկ հիմա տեսեք, թե ինչի եմ նման:
Տոմսավաճառը մրթմրթաց.
_էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի’: Բա չէ’, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:
Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:
_Օ՜, ներեցե՛ք, տիկի՛ն:
Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Տիկին Բազմապատկումն էր: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ովքեր փորձանքի մեջ էին լինում: Բազմապատկումն իս­կույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ ստացվեց՝ Վեց: Ինչո՞ւ՝ հրաշալի: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է դնում:
– Ջա՜ն, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:

«Ոզնի-տոնածառը». Սերգեյ Կոզլով

«Ոզնի-տոնածառը». Սերգեյ Կոզլով

3

Բոլոր նախատոնական օրերին սառնամանիք ու ձնամրրիկ էր դրսում։ Անտառում այնքան ձյուն էր եկել, որ ոչ Ոզնին, ոչ Իշուկը և ոչ էլ Արջուկն ամբողջ շաբաթ չկարողացան տնից դուրս գալ։

Ամանորի նախօրեին ձնամրրիկն հանդարտվեց և ընկերները որոշեցին հավաքվել Ոզնու տանը։
-Մենք տոնածառ չունենք,- ասաց Արջուկը։
-Ճիշտ է,- տխուր համաձայնեց Իշուկը։
-Ես էլ գիտեմ, որ տոնածառ չունենք,- հառաչեց Ոզնին։
Արջուկը նայեց շուրջն ու ասաց.
-Պետք է գնալ անտառ ու տոնածառ բերել։
-Հիմա որտեղի՞ց կարող ենք տոնածառ գտնել,-զարմացավ Իշուկը։- Անտառում արդեն մութ է։
-Ու ձնակույտեր են ամենուր,- քթի տակ մրթմրթաց Ոզնին։
-Ամեն դեպքում, պետք է տոնածառ գտնենք։

1

Երեքով տնից դուրս եկան։ Մրրիկը հանդարտվել էր, բայց ամպերը դեռ կախված էին օդում և ոչ մի աստղ երկքնում չէր երևում։
-Նույնիսկ լուսինը չի երևում, ո՞նց ենք եղևնի գտնելու,-ասեց Իշուկը։
-Իսկ շոշափելով չե՞նք կարող,-պատասխանեց Աջուկն ու բարձրացավ ձնակույտի վրա։
Բայց շոշափելով էլ ոչինչ չգտան։ Միայն մեծ եղևնիներ էին հանդիպում, բայց դրանք, միևնույն է, Ոզնու տուն չէին մտնի, իսկ փոքրիկ եղևնիները ոտից գլուխ թաքնված էին ձյան տակ։
Վերադառնալով Ոզնու մոտ, Իշուկն ու Արջուկը շատ տխրեցին։
-Առանց տոնածառ ի՞նչ Նոր տարի,- տխուր մրթմրթում էր Արջուկը։
«Եթե սա աշնանային ինչ-որ տոն լիներ, միգուցե հնարավոր լիներ առանց տոնածառ դիմանալ։ Իսկ ձմռանն առանց տոնածառ հնարավոր չէ»։
Իսկ Ոզնին այդ ընթացքում ինքնաեռի ջուրը եռացրել ու թեյ էր պատրաստում։ Արջուկի համար նա մեղր էր պատրաստել, իսկ Իշուկի համար՝ համեղ տերևներ։
Տոնածառի մասին Ոզնին չէր մտածում։ Բայց նա տխրել էր, քանի որ արդեն մի քանի օր էր, ինչ իր ժամացույցը չէր աշխատում։ Իսկ ժամագործ կաչաղակը խոստացավ, բայց այդպես էլ չեկավ, որ սարքի այն։
-Մենք ո՞նց ենք իմանալու, երբ ժամը տասներկուսը լինի,- հարցրեց նա Արջուկին։
-Մենք կզգանք,- պատասխանեց Իշուկը։2
-Կզգա՞նք, այդ ինչպե՞ս,- զարմացավ Արջուկը։
-Շատ պարզ։ Ժամը տասներկուսին մենք արդեն ուղիղ երեք ժամ քնելու ցանկություն կունենանք։
-Ճիշտ է,- ոգևորվեց Ոզնին ու, փոքր-ինչ մտածելով ավելացրեց,- իսկ տոնածառի համար դուք մի անհանգստացեք։ Մենք անկյունում աթոռակ կդնենք, ես կկանգնեմ նրա վրա, իսկ դուք իմ փշերից խաղալիքներ կկախեք։
-Ի՜նչ պակաս տոնածառ է,- բացականչեց Արջուկը։
Այդպես էլ արեցին։ Անկյունում դրեցին աթոռակը և Ոզնին կանգնեց դրա վրա։
-Խաղալիքները մահճակալի տակ են։
Իշուկն ու Արջուկը հանեցին խաղալիքները և դրանք կախեցին Ոզնու վրա։
-Լույսերի մասին չմոռանաք,-հիշեցրեց Ոզնին։
-Իսկ դու չե՞ս հոգնել, Տոնածառ,- հարցրեց Արջուկը, երբ նստեց թեյ խմելու։
Իսկ Ոզնին կանգնել էր աթոռակի վրա, ինչպես իսկական տոնածառ, ու ժպտում էր։
-Չէ,- պատասխանեց Ոզնին։- Իսկ հիմա ժամը քանի՞սն է։
Իշուկը ննջում էր։
-Տասներկուսից հինգ րոպե է պակաս։ Հենց Իշուկը քնի, կլինի Նոր Տարի,-պատասխանեց Արջուկը։
-Ուրեմն մեզ համար հյութ լցրու։
-Դու հյութ ուզո՞ւմ ես,-հարցրեց Արջուկը Իշուկին։
Իսկ Իշուկը գրեթե քնած էր։
-Հիմա ժամացույցի զանգերը պետք է խփեն,-մրթմրթած նա։
Ոզնի-Տոնածառը զգուշորեն վերցրեց հյութը, որպեսզի վրայի զարդերը չթափվեն։ Իսկ ոտքով ժամացույցի նման հարվածեց աթոռակին։
-Դինգ-դոնգ, դինգ-դոնգ,- ասեց նա։

-Արդեն չորս զարկ եղավ,- ասեց Արջուկը։ – Հիմա ես եմ հարվածում ժամացույցի նման։- Ու ոտքով չորս անգամ հարվածեց հատակին՝ ասելով.- դինգ-դոնգ, դինգ-դոնգ։ Հիմա քո հերթն է, Իշուկ։
Իշուկը կիսաքուն կամաց խփեց հատակին՝ քնի մեջ մրթմրթալով.- Դինգ-դոնգ, դինգ-դոնգ։
-Ուռա՜,- բացականչեց Արջուկը, իսկ Իշուկը խորը քուն մտավ։
Շուտով քնեց նաև Արջուկը։ Միայն Ոզնի-տոնածառն էր, որ կանգել էր աթոռակին ու չգիտեր ինչ անել։
Նա երգեր երգեց մինչ առավոտ, որպեսզի հանկարծ չքնի ու խաղալիքները չկոտրի։

 

Հովհաննես Թումանյան — Բարեկենդանը

Հովհաննես Թումանյան — Բարեկենդանը

dproc-ru_2015-10-04_07-50-04

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

— Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

— Անցկացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան

Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում: Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե` պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ:
Ճանապարհին մի գայլ պատահեց.
– Առաջ բարի, մարդ-ախպեր, ու՞ր ես գնում, – հարցրեց գայլը: <<Գնում եմ աստծու մոտ, – պատասխանեց աղքատը, – դարդ ունեմ ասելու>>:
— Դե որ գնաս աստծու մոտ, – խնդրեց գայլը, – ասա մի սոված գայլ կա, գիշեր ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես` ինչու՞ չես կերակուր հասցնում:
<<Լա՛վ>>, – ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը: Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:
<<Ու՞ր ես գնում, ախպեր>>, – հարցրեց աղջիկը:
<<Գնում եմ աստծու մոտ>>:
– Երբ որ աստծուն տեսնես, – աղաչեց սիրուն աղջիկը, – ասա այսպիսի մի աղջիկ կա` ջահել, առողջ, հարուստ – բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրեն – ի՞նչ պիտի լինի նրա ճարը: <<Կասեմ>> – խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:
– Ու՞ր ես գնում, ա՛յ ճամփորդ, – հարցրեցչոր ծառը:
<<Գնում եմ աստծու մոտ>>:
– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ – խնդրեց չոր ծառը, – աստծուն կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. երբ պետք է ես էլ կանաչեմ:
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը: Այնքան գնաց մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:
– Բարի օր, ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:
– Բարով եկար, – պատասխանեց աստված, – ի՞նչ ես ուզում:
<<Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են>>:
– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, – ասաց աստված:
<<Էլ բան ունեմ ասելու, տեր>>, – ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:
Վերադարձին պատահեց չոր ծառին:
– Ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց չոր ծառը:
<<Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չըհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ>>, – պատմեց մարդը: – Էլ ու՞ր ես գնում. արի՛ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կըհարստանաս, ես էլ կըկանաչեմ:
<<Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ>>, – պատասխանեց աղքատը, <<աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>, – ասաց ու գնաց:
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
– Ի՞նչ լուր բերիր ինձ համար:
<<Աստված ասաց` դու պիտի քեզ համար մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կըլինես>>:
— Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, – թախանձեց աղջիկը ճամփորդին:
<<Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանկ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>, – ասաց աղքատն ու հեռացավ:
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:
— Հը, աստված ի՞նչ ասաց:
<<Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզնից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե` ինչու՞ է գարուն, ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց – աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի – կըբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց, դե արի հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք էգնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>:
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց սոված գայլը:
<<Քեզ համար էլ ասաց` սոված ման կգաս` մինչև մի անխելք մարդ կըգտնես, կուտես, կըկշտանաս>>:
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, – ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Հովհաննես Թումանյան. Պոչատ աղվեսը

Հովհաննես Թումանյան. Պոչատ աղվեսը

Картинки по запросу Հովհաննես Թումանյան. Պոչատ աղվեսը

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է.

— Դե գնա իմ կաթը բեր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կովն ասում է.

— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.

— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է.

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղջիկն ասում է.

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է.

— Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։